07/10/2017 14:37
Հայաստանի կարատեիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանի պատանի, երիտասարդ և մինչեւ 21 տարեկան կարատեիստները պատրաստվում են հոկտեմբերի 26-29-ն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Առաջին անգամ կարատեիստերը պայքարելու են օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Աշխարհի առաջնությանը խաղարկվելու են 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր.
«Իսպանիա մեկնելու են մեր այն մարզիկները, որոնք տարբեր միջազգային մրցաշարերի մեդալակիրներ են: Հույս ունենք, որ մեր պատանիներին կհաջողվի օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Մինչև աշխարհի առաջնությունը կարատեիստները կհասցնեն լավ մարզավիճակում լինել: Մրցանակային տեղերի ակնկալիք ունենք», – ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հետ զրույցում ասել է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը:
Գլխավոր մարզիչ Վահան Միքայելյանի ղեկավարությամբ աշխարհի առաջնությանը պատրաստվում են հետևյալ կարատեիստները. Էրիկ Խաչատրյան, Հովհաննես Հակոբյան, Սիմոն Մովսիսյան, Դավիթ Մուրադյան, Վարդան Ղալայան, Սամվել Այդինյան, Գևորգ Համբարձումյան, Ալբերտ Ավետիսյան, Դավիթ Մակյան,Ահարոն Սարգսյան, Կարեն Բաղդասարյան, Սերյոժա Սարգսյան, Աշոտ Մխիթարյան, Միքայել Մխիթարյան, Լենա Գյուլումյան, Եվա Մուրադյան, Անիտա Մակյան:
Հաջորդ շաբաթ հավաքականներն ուսումնամարզական հավաք կսկսեն Օլիմպավանում: Մեր թիմերը մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 22-ին: