09/10/2017 13:01
Երևանում այսօր աշխատանք փնտրողներին առաջարկվում է 1000 աշխատատեղ
60 գործատու շուրջ 1000 թափուր աշխատատեղ է առաջարկում աշխատանք փնտրողներին։ Երևանում այսօր մեկնարկել էր աշխատանքի տոնավաճառը, որն անցկացվում է 2009 թվականից։ Աշխատանքի տոնավաճառն այս անգամ կազմակերպվել է Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից այգում։
«Ներկայացվող աշխատատեղերը բազմազան են», - լրագրողների հետ զրույցում ասաց Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։
Նրա խոսքով՝ 23 տոկոսը բաժին է ընկնում բարձր որոկավորում ունեցող կամ բարձրագույն կրթություն պահանջող մասնագիտություններին, 37 տոկոսը՝ միջին մասնագիտական կրթություն պահանջող մասնագիտություններին, մնացածը՝ հմտություններ և մասնագիտացում չպահանջող թափուր աշխատեղեր են։
Զբաղվածության պետական գործակալությունում 89 400 մարդ է գրանցված որպես աշխատանք փնտրող։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն իջել է 6000-ով։
Աշխատանքի տոնավաճառում ներկայացված են հայտնի գործատուներ, ոչ միայն առաջարկում են թափուր աշխատատեղեր, այլ նաև մոտեցողներից հավաքում են իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի կարիք ունենալու դեպքում այդ մարդկանց հրավիրում են աշխատանքի։
Զբաղվածության պետական գործակալության պետն ասաց, որ մինչև 100 տոկոս աշխատանքի տեղավորումներ են լինում։
«Հիմնականում միջին տեղավորումը 50-60 տոկոս է։ Պարզ բան է՝ եթե կա աշխատողի կարիք ունեցող գործատու և կա աշխատանք փնտրող, այդ տեղերն անպայման պետք է համալրվեն», - ասաց նա:
Աշխատանքի տեղավորելիս տարիքային սահմանափակումներն, ըստ Արտակ Մանգասարյանի, նորմալ չեն, բայց դա, ըստ նրա՝ գործատուի իրավունքն է. «Այս պահին այդ երևույթը կարգավորող գործող մեխանիզմ դեռևս չկա»։