09/10/2017 14:04
Աշխատաշուկայում կանանց ընդգրկվածությունը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան. Արտեմ Ասատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ արդեն ավանդական դարձած աշխատանքի տոնավաճառները լավ հարթակ են գործատուների և աշխատանք փնտրողների համար, որպեսզի վերջիններս կարողանան ավելի անմիջական միջավայրում շփվել։
«1000 թափուր աշխատատեղ է այս պահին ներկայացված աշխատանքի տոնավաճառում։ Վստահ եմ, որ դրանց մեծ մասին հնարավոր կլինի ապահովել աշխատանքով, որովհետև Երևանում աշխատանք փնտրողները թվով 17 000 են և նրանք լավ հնարավորություն ունեն այս միջոցառման շրջանակներում գտնել իրենց աշխատանքը», - տոնավաճառի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Արտեմ Ասատրյանը։
Ինչ վերաբերում է անմրցունակ անձանց, նախարարն ասաց, որ բացի աշխատանքի տոնավաճառներից, պետությունը նաև այլ ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկն էլ գործատուների միանվագ օգնության տրամադրման ծրագիրն է։
Սոցապ նախարարի խոսքով՝ տարբեր վերլուծությունների համաձայն այսօր աշխատաշուկայում ոչ լիարժեք են օգտագործում կանանց ներուժը։
«Աշխատաշուկայում նրանց ընդգրկվածությունը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան», - ասաց նախարարը՝ նշելով, որ փորձելու են զբաղվածության առաջիկա քաղաքականության մեջ շեշտադրումը տանել դեպի այդ ուղղություններով։
Երիտասարդները ևս, ըստ նախարարի, խոցելի խմբերից են. «Աշխատաշուկայում գործատուներին միշտ պետք են համապատասխան փորձառություն ունեցող աշխատողներ»։
Նախարարն ընդգծեց, որ այս ուղղությամբ ևս պետությունն աշխատանքներ տանում է։