09/10/2017 11:41
«Փոխգործակցություն 2017» զորավարժության ժամանակ «Իսկանդերի» գործնական կիրառություն չի լինի. Խաչատուրով
Այսօր Հայաստանի տարածքում մեկնարկեց ՀԱՊԿ շրջանակներում պլանավորված ՀԱՊԿ միացյալ խմբավորումների ու հայ-ռուսական խմբավորման միացյալ զորավարժությունը:
«Սա լուրջ պլանավորված միջոցառում է, որը մաս է կազմում «Եղբայրություն-2017» զորավարժությունների: Այն մեկնարկել է Դոնի Ռոստովում, հետագայում Հայաստանում անցկացվել են զորավարժությունների հետախուզական՝ «Որոնում 2017» փուլը», -լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ ըստ զորավարժությունների սցենարներից մեկի, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք են ներխուժել ահաբեկիչներ, որոնք ոչնչացվելու են միացյալ ուժերով:
Յուրի Խաչատուրովն ասաց, որ զորավարժությունն անցկացվում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի ղեկավարմամբ: «Հարց կառաջանա՝ ինչո՞ւ Հարավային ռազմական օկրուգի ղեկավարմամբ Հայաստանի տարածքում, որովհետև հնարավոր է՝ կիրառվեն խոցման այնպիսի միջոցներ, որոնք կան միայն ՌԴ-ում և դրանք կառավարել կարող են միայն ռուսները», - ասաց Խաչատուրովը:
Անդրադառնալով «Իսկանդերի» դիվիզիոնների հանարավոր կիրառմանը զորավարժություններին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ թղթի վրա պլանավորվում է ամեն ինչ, իսկ իրականում դրա գործնական կիրառում Հայաստանի դեպքում բարդ է, քանի որ տարածքը փոքր է: «Հանկարծ կթռչի Թուրքիա», - կատակեց Խաչատուրովը:
Նշենք, որ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն ամեն տարի անցկացնում են «Փոխգործակցություն» զորավարժությունը, որն այս տարի անցկացվել է օգոստոսին Ռուսաստանում: 2015-ին զորավարժությունը կրկին անցկացվել է Ռուսատսանում, 2014-ին՝ Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում: