09/10/2017 19:02
Հայ ռեժիսորը Երևանի մասին պատմող ֆիլմով հաղթել է չինական կինոփառատոնում
Երիտասարդ ռեժիսոր Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» վավերագրական ֆիլմն օրերս Չինաստանում կայացած «Ասիայի Երիտասարդական կարճամետրաժ Ֆիլմեր»-ի կինոփառատոնում «Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթող ճանաչվեց: Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցի վերջին կուրսի ուսանողուհին Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ադապտացիայի» բովանդակությանը՝ նկատեց.
«Ինձ համար ի սկզբանե խնդիր է եղել նկարահանել ֆիլմ ժամանակի, ռիթմի, քաղաքի ամենատարբեր անկյունների մասին, որտեղ կտրուկ տարբեր են ապրելաձևը, կյանքը: Քաղաքում ապրող մարդիկ անընդհատ փոխում են իրենց վայրը և ընկնում ամենատարբեր ռիթմերի մեջ: Մեզանից շատերը չեն հասկանում, սակայն զգում են այդ փոփոխութունը: Մենք անընդհատ ադապտացվում ենք նոր ռիթմերին և այդ գործընթացի շնորհիվ չենք զգում ժամանակի դաժան հոսքը»:
Խոստովանում է՝ նկարահանելիս բացարձակապես չի մտածել փառատոններին մասնակցելու մասին: Միայն ավարտելուց հետո է որոշել մասնակցել:
21 րոպե տևողությամբ ֆիլմի հերոսները երևանցիներն են, հեղինակի աչքերով՝ սև ու սպիտակ քաղաքի բնակիչները: Նկարահանումները կատարվել են 6 ամսում՝ մայրաքաղաքի տարբեր անկյուններում:
«Անկեղծ ասած, նկարահանումներն այնքան ժամանակ չեն խլում, որքան մոնտաժային գործընթացը, որի ժամանակ էլ շատ բան է ստեղծվել: Ամեն օր ես ուսումնասիրել եմ մարդկանց, նրանց կերպարները, մեր քաղաքը, որից մեկ հատ կա աշխարհում: Հենց այս ուսումնասիրությունների արդյունքում էլ որոշեցի նկարահանել մի ֆիլմ, որտեղ իմ բոլոր տպավորությունները կարտահայտեմ՝ կապված մեր քաղաքի հետ: Ֆիլմ՝ մեր անհայտ ժամանակներում ապրող սև ու սպիտակ քաղաքի մասին: Ինչ վերաբերում է հերոսներին, նրանք մեր քաղաքի բնակիչներն են: Ես, իսկապես, շատ եմ սիրում իմ հերոսներին, առանց նրանց ֆիլմը, միանշանակ, չէր կարող ստեղծվել: Նրանք շատ օրգանիկ են: Ոչ մի դերասան չի կարող հորինել այդ կերպարները: Շատ անմիջական են, լի կյանքով, արտաքնապես՝ յուրօրինակ: Մեր բնակչությունը շատ չէ, բայց այնքան շատ պատմություններ կան մեր քաղաքում, որոնք հաճախ չենք նկատում: Երևանում մարդիկ չեն շտապում, ապրում են և ապրեցնում», - նշեց նորաթուխ ռեժիսորը:
Նկարահանման ընթացքում դժվարություններից չկարողացավ խուսափել: Ընդգծում է՝ բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել, բայց կարողացել է այդ ամենը հաղթահարել.
«Իհարկե, եղել են խոչընդոտներ. բազմիցս փորձելուց հետո այդպես էլ չեմ կարողացել ձեռք բերել թույլտվություն՝ նկարահանելու մեր քաղաքի ամենամեծ ժամացույցի ետնամասը, սակայն դա ինձ բոլորովին չի խանգարել գտնել այլ լուծումներ: Ավելին, օգնել է մտածելու՝ փոխարինող տեսարաններ»:
Սկսնակ ռեժիսորի համար կինո հասկացողությունը կապվում է Արտավազդ Փելեշյանի, Լուի Մալլի, Գոդարի, Գոթֆրիդ Ռեջջոյի հետ: Թեև հենց Փելեշյանը նրան ստիպեց տարվել վավերագրական կինոյով:
Խոստովանում է՝ այս ֆիլմն իր համար նախ և առաջ փորձադաշտ էր` հասկանալու և զգալու, թե ինչ կարելի է անել վավերագրական նյութից `ընդունելով այն որպես ներկապնակ: Նրա հերոսներն ամենուր են՝ սրճարանում, փողոցում, բարեգործական ճաշարանում, տրանսպորտում: Ամեն մի վայրում պատմությունն այլ է:
Հարցին՝ ո՞րն է ֆիլմի հիմնական ասելիքը և թե ինչո՞ւ են ֆիլմում գերիշխում միայն սևն ու սպիտակը, պատասխանեց.
«Մեր քաղաքը սև ու սպիտակ է: Գույներն այստեղ լավ չեն նայվում ոչ այն պատճառով, որ այն անգույն է, այլ, որ դասական է, 60-ականների կինոյից… Ինչ վերաբերում է ասելիքին, ապա սա մեր քաղաքի դիմանկարն է, և ինքներս մեզ հայելու մեջ պետք է նայենք: Այդ դեպքում կտեսնենք մեր թերությունները, և հուսով եմ, կկարողանանք շտկել դրանք»:
Երիտասարդ ռեժիսորն այս ֆիլմով պատրաստվում է մասնակցել Մոսկվայի Կինոինստիտուտի 37-րդ միջազգային Կինոփառատոնին՝ ներկայացնելով ԵԹԿՊԻ-ն ու Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը: Բացի այդ, մասնակցում է Մոսկվայի Բարեգործական Կինոփառատոնին: Այն կցուցադրվի նաև Հնդկաստանում և այլ խոշոր երկրներում:
Հայ հանդիսատեսը «Ադապտացիա»-ին կարող է ծանոթանալ շուտով կայանալիք «Կին» կինոփառատոնի շրջանակներում: Համացանցում այն դեռևս տարածված չէ, քանի որ փառատոնային ճակատագիրը շարունակվում է:
Մանեն այժմ աշխատում է նաև իր նոր վավերագրական ֆիլմի վրա, որը ֆանտաստիկայի ժանրում կլինի: