11/10/2017 10:12
Թուրքմենական գազը Հայաստան կգա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երևանում, այնուհետև Աշխաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ բավական մանրամասն քննարկումներ էին եղել թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի կեսերին գրել էր, որ Հայաստանի հիմնական գազ ներկրող ռուսների հետ փոխպայմանավորվածությունից հետո Սերժ Սարգսյանը Բերդիմուհամեդովի հետ խոսել է թուրքմենական գազը Պարսկաստանի տարածքով Հայաստան ներկրելու մասին, ընդ որում՝ առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ երրորդ երկրներ արտահանելու նպատակով: Եվ ահա, մեր այս տեղեկությունները երեկ հաստատվել են պաշտոնապես. բայց հաստատել են ոչ թե հայ, այլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները:
Այս օրերին Իրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ ահա Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, թե Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը»: