11/10/2017 18:10
Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհաքաղաքական չէ. Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Պայիվի Պելտոկոսկիին և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Թիինա Պարվիայնենին:
Արմեն Աշոտյանը կարևորել է Հայաստանի և Ֆինլանդիայի խորհրդարանների միջև համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես միջհանձնաժողովային համագործակցության ակտիվացումը:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմին, ընդգծել միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերը և նշել, որ այս ձևաչափում արդյունավետ աշխատանքների իրականացումը հանդիսանում է առանցքային խնդիր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև խորհրդարանական դիվանագիտության միջհանձնաժողովային ձևաչափը, մասնավորապես ՀՀ ԱԺ պատվիրակությունների ներգրավվածությունը միջխորհրդարանական համաժողովների աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին, մասնավորապես ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է Արևելյան գործընկերության ձևաչափի՝ որպես գլոբալ տնտեսական կապերի զարգացման հարթակի դերը, ինչպես նաև նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումը և դրանից հետո ազգային խորհրդարաններում համաձայնագրի վավերացման գործընթացը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության դերը: Հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհաքաղաքական չէ: