11/10/2017 16:53
Ե՛վ մենք, և՛ մեր ծնողները երկար ենք սպասել այս իրադարձությանը. Նաիրա Նիազյանը և Արթուր Սարյանը նշանադրվել են. Լուսանկարներ
Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի «Արմենիա» համալիրում նշանադրվեցին «Arm fashion day» նախագծի ղեկավար Նաիրա Նիազյանն ու գեղանկարիչ Արթուր Սարյանը: Aysor.am-ը, շնորհավորելով երիտասարդ զույգին, հետաքրքրվել է տոնական օրվա մանրամասներով:
«Արարողությունը նեղ ընտանեկան շրջանակում ենք անցկացրել: Միջոցառումը կազմակերպել են իմ և Արթուրի ծնողները, ովքեր ժամանել էին Երևանից: Եվ մենք, և՛ մեր ծնողները երկար ենք սպասել այս իրադարձությանը», - մեզ հետ զրույցում նշեց Ն. Նիազյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ շատ պատմությունների պես նրանց սիրո պատմությունն էլ ի վերուստ էր կանխորոշված, առիթն էլ «AFD» նախագիծն էր:
«Աշնանային ցուցադրությանն Արթուրը մասնկացում էր ռուս նկարչուհիներից մեկի հետ, երևի ընկերուհի էր (ժպտում է, հեղ.), ներկայացնում էր նկարների «NEW» շարք: Ի դեպ, այդ ցուցադրությունից հետո հենց Արթուրի նկարներն էին բուռն քննարկումների առիթ հանդիսացել… Այս ամենի շարունակությունն անբռնազբոս, գեղեցիկ ու գեղարվեստական էր, ինչպես երկուսս ենք ու մեր էությունը», - ժպիտով նկատեց Նաիրան:
Գեղանկարիչը նշանադրության օրը ընտրյալի համար բազմաթիվ անակնկալներ էր պատրաստել: Հարցին՝ արդյոք ապագա ամուսինները հետագայում կդառնան նաև գործընկերներ, պատասխանեց.
«Արթուրն աշխարհի բազմաթիվ երկրներում ցուցադրված, ուրույն ոճով գեղանկարիչ է: Ինչպես ես եմ նրան անհամեստությամբ անվանում ԱՄԵՆԱՏԱՂԱՆԴՍ, համագործակցում է միջազգային մի շարք մշակութային կառույցների հետ: Այս ամենից զատ նա իմ տղամարդն է, ում պետք է անվերջ ոգևորեմ և ուղեկից լինեմ կյանքի բոլոր ուղիներում: Հենց սա է մեր համագործակցության ձևը… Ինչ վերաբերում է անակնկալներին, նախ ասեմ, որ թեև շատ զբաղված ենք մեր բազում նախագծերով, այնուհանդերձ, ստացվեց նշանադրության արարողությունն անցկացնել մեր իդեաներով: Արթուրի անակնկալներն անսպասելի և երազային էին՝ նշանադրության մատանին՝ երկուսիս երջանկության խորհրդանիշներով, նաև երեկոյի տորթը, որի վրա պատկերել էր մեր դիմանկարը՝ պտղատու ծառի տեսքով»:
Հարսանեկան արարողության մասին զույգը դեռ չի բարձրաձայնում: Պատասխանատվությամբ են մոտենում ընտանիք ստեղծելու յուրաքանչյուր դետալին՝ հնարավորինս փորձելով խուսափել վրիպումներից:
«Դեռ չենք որոշել, թե ինչպես կանցկացնենք հարսանիքը: Միայն կասեմ, որ հարսանյաց զգեստի մոդելավորումը, հավանաբար, շատ հետաքրքիր լուծում կստանա մեր տաղանդավոր դիզայներների ձեռքերով, քանի որ բազում հետաքրքիր առաջարկներ արդեն ստացել եմ: Շատ կարևոր ու պատասխանատու քայլ է նաև քավորի ընտրության հարցը, չէ՞ որ նա մեր ընտանիքի ավագ ընկերն ու խորհրդատուն է լինելու… Դեռևս միայն այսքանը, ավելիի հարցում կլռեմ: Ինչպես ասում են, երջանկությունը լռություն է սիրում», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց «Arm fashion day» նախագծի ղեկավարը: