12/10/2017 11:40
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից ազատելու հարցը
Կառավարության նիստին վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելուն։
«Գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարում եմ 1 ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ», - հանձնարարեց վարչապետը։