12/10/2017 21:30
Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ Ժնևում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը», - հայտարարեց Աշոտյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպում, Աշոտյանը պատասխանեց, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը։
«Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպոմ, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - հավելեց ՀՀԿ փոխնախագահը։
Անդրադառնալով բանակցային գործընթացին, Աշոտյանն ասաց, որ դրա բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։
«Բանակցություններն այս պահին շարունակվում են, բայց այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Դուք ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, բոլոր դեպքերում մենք հավատարիմ լինելով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին, Հայաստանը միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից», - նշեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել ու հեռացավ ասուլիսի սրահից։