12/10/2017 17:26
Հաճելի է համագործակցել պրոֆեսիոնալ մարդու հետ. երգչուհի Ալլա Նավասարդյանն այսուհետ «Սյունեցի» նորաձևության տան գովազդային դեմքն է
Երգչուհի Ալլա Նավասարդյանն այսուհետ հանդիսանում է «Սյունեցի» նորաձևության տան գովազդային դեմքը: Aysor.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց՝ առաջակը ստացել է նորաձևության տան մենեջեր Վարդան Բարսեղյանից: Որոշման հարցում չի տատանվել:
«Քանի որ Վարդանին արդեն վաղուց գիտեմ, մեծ սիրով ընդունեցի: Ծնունդով սյունեցի դիզայներ Արտյոմ Սյունեցու մասին էլ շատ էի լսել: Հաճելի է համագործակցել պրոֆեսիոնալ և իր գործում բանիմաց մարդու հետ», - նշեց մեր զրուցակիցը:
Ա. Նավասարդյանը նկատում է՝ թեև երբևէ մոդելային գործունեությամբ չի զբաղվել, բայց մասնագիտության բերումով անընդհատ տեսախցիկների հետ աշխատելով՝ հեշտությամբ ինտեգրվեց այս ասպարեզում: Ի դեպ, անդրանիկ ֆոտոշարքում նա հայկական տարազով է:
«Ուրախ եմ, որ հենց ինձ են առաջարկել այս ֆոտոշարքը: Երգելով ազգային երգեր՝ միշտ էլ տարազը եղել է ինձ համար ամենասիրելի հագուստը: Նրանում ես ինձ շատ լավ եմ զգում», - խոստովանեց նա:
Ալլա Նավասարդյանն իր խնամքին 2-ամյա որդի ունի, որով էլ պայմանավորված էր վերջին շրջանում երգարվեստում նրա պասիվությունը: Սակայն այսօր երգչուհին լիովին վերադարձել է երգարվեստ՝ փորձելով համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Ավելին, խոստանում է առաջիկայում հանդես գալ նոր աշխատանքներով:
«Այժմ մի քանի տեղ եմ աշխատում, հրավերների դեպքում մասնակցում եմ նաև համերգային ծրագերի: Անկեղծ ասած՝ բեմն իմ աշխարհն է, որտեղ ինձ համար միշտ էլ հաճելի ու հարմարավետ է: Վերադարձել եմ, ու այսուհետ ավելի ակտիվ կլինեմ, նոր երգ ու տեսահոլովակ կպատրաստեմ շուտով… Ինչ վերաբերում է բալիկիս, նա ինձ համար առաջնային տեղում է, ու ես ամեն կերպ փորձում եմ համատեղել ընտանիքն ու կարիերան: Իհարկե, դժվարություններ կան, բայց ես այն մայրիկներից եմ, ովքեր կարողանում են այդ բոլորը հասցնել», - նշեց Ալլա Նավասարդյանը:
Իր բացակայության ընթացքում փոքրիկը տատիկի խնամքին է մնում:
«Միշտ և ամենուր իմ օգնականը մայրս է՝ իմ պահապան հրեշտակը: Տղայիս էլ միշտ հաճելի է մորս, ու նաև մեր ընտանիքի մյուս անդամների կողքին լինելը: Փառք Աստծո՝ չի դժգոհում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ալլա Նավասարդյանը: