12/10/2017 16:22
Հրաչյա Ռոստոմյանն ու Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ազգային դելփյան խաղերի և առաջին անգամ նախատեսվող համաշխարհային դելփյան խաղերի անցկացման հնարավորությունը:
«Կարևորում եմ ազգային դելփյան խաղերը, քանի որ դրանց մասնակցում է երկրի շնորհաշատ երիտասարդությունը: Սա ևս մի հնարավորություն է մշակույթի և սպորտի ոլորտներում նրանց հմտությունները բացահայտելու համար», - ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ մենք ունենք դելփյան խաղերի անցկացման փորձ, քանի որ դելփյան խաղերը 2010 թվականին անցկացվել են Հայաստանում:
«Կարծում եմ՝ համաշխարհային խաղերը, լինելով առավել մեծամասշտաբ, նպաստելու են ողջ աշխարհում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը», - ասել է Հ. Ռոստոմյանը և ավելացրել, որ դելփյան առաջին համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը կքննարկվի Դելփյան խաղերի միջազգային կոմիտեից ծրագրերը, տեխնիկական և կազմակերպչական հարցերը ներկայացվելուց հետո:
Նշենք, որ Դելփյան խաղերն ամենամյա են և ունեն մշակույթի ու սպորտի ոլորտներն ընդգրկող 42 անվանակարգեր: