13/10/2017 12:01
Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
«ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց և չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,-ասել է Էդուարդ Շարմազանովը։
Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ և ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ իրական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»: Նա հավելել է նաև, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը: