13/10/2017 14:57
Սարգսյան-Ալիև հանդիպմանը գուցե որոշ անակնկալներ լինեն. ԱԺ պատգամավոր
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը կարևոր նշանակություն կարող է ունենալ կողմերի համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի պատգամավորը հոկտեմբերի 16-ին Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից, Նահապետյանը պատասխանեց, որ նախ պետք է հաշվի առնել հանդիպմանը նախորդած ժամանակահատվածը ու հավելեց.
«Այդ առումով որևէ դրական բան չեմ կարող ասել, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իրականացնում է ագրեսիվ գործողություններ, որոնք փաստում են մի բանի մասին՝ հազիվ թե կարելի է ակնկալել իրենց քաղաքականության վերանայում: Բայց սպասենք, տեսնենք, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները: Գուցե որոշ անկանկալներ լինեն»:
Նահապետյանը պանդեց, որ հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, և Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն:
Հարցին, թե հնարավո՞ր է նախագահների բանակցության ժամանակ քննարկվի նաև հողերի վերադարձման հետ կապված հարցը, Նահապետյանը պատասխանեց, որ այդ հարցը դժվար թե քննարկման առարկա դառնա:
«Մենք պետք է նկատի ունենանք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով թե նախկինում տեղի ունեցած բանակցությունները և թե հետագայում շարունակվող բանակցությունները ունեն իրենց հստակ օրակարգը: Առաջիկայում բացառում եմ, որ նման հարցեր կարող է քննարկման առարկա լինել», - ասաց Նահապետյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար կարևորը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է ու երաշխավորումը: