13/10/2017 18:30
Ես այս թեմային միայն մեկ անգամ եմ անդրադառնում՝ ասեկոսեները դադարեցնելու նպատակով. դերասանուհի Մարիամ Սարյանը՝ նախկին ամուսնու նշանադրության մասին
Ընդամենը մեկ ամիս առաջ Aysor.am-ի հետ զրույցում Մոսկվայում բնակվող դերասանուհի Մարիամ Սարյանը տեղեկացրեց՝ 6 տարվա ամուսնական կյանքից հետո ինքն ու ամուսինը՝ գեղանկարիչ Արթուր Սարյանն, ամուսնալուծվել են: Օրեր առաջ էլ Արթուր Սարյանը Մոսկվայում նշանադրվեց «Arm fashion day» նախագծի ղեկավար Նաիրա Նիազյանի հետ:
Aysor.am-ի հարցին՝ տեղյա՞կ էր, որ նախկին ամուսինը պատրաստվում է նոր ընտանիք կազմել, ու արդյոք հենց այս սիրավեպն է նրանց բաժանման առիթ դարձել՝ գեղանկարչի արդեն իսկ նախկին կինը պատասխանեց.
«Մենք վաղուց բաժանվել ենք, դա երկուստեք հստակ որոշում է եղել: Կյանքը շարունակվում է և ընկերական հարաբերությունները մենք երբեք չենք խառնել անձնականին: Բոլորս էլ հասուն մարդիկ ենք: Ես չեմ անհանգստանում նրա այս քայլից, ընդհակառակը՝ երջանկություն եմ ցանկանում իրեն… Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբվանից են հանդիպում, կասեմ, որ չեմ հետևում նրա անձնական կյանքին, դա իրենց գործն է: Նա վաղուց անցած էտապ է: Ինչո՞ւ ոչ, թող ամեն մեկն ինքն իրեն գտնի այս կյանքում: Ես այս թեմային միայն մեկ անգամ եմ անդրադառնում՝ ասեկոսեները դադարեցնելու նպատակով: Հույս ունեմ՝ նրա կյանքն այլևս իմ անվան հետ չի կապվի», - ժպիտով նկատեց Մարիամ Սարյանը:
Դերասանուհին դեռևս չի շտապում իր անձնական կյանքում փոփոխություն մտցնելու հարցում: Ի պատասխան՝ կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «А я что, а у меня репетиция»: