14/10/2017 10:32
Մոտ 40 հոգի «Վիլիսներով» շրջապատել է «Դիլիջան» ազգային պարկի Շամախյանի հենակետը, ծեծել պահնորդներին, այրել հենակետը (Տեսանյութ)
Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։
Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։
Aysor.am-ի հետ զրույցում «Դիլիջան» ազգային պարկում պահնորդային ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանն ասաց, որ պահնորդային ծառայություն իրականացնող երեք հենակետ ունեն, որոնցից մեկն էլ հենց հրդեհել են։
«Երեկ մամուլի ասուլիս էր կազմակերպվել ազգային պարկի տարածքում, որտեղ համաձայնության եկանք, թե ինչպես ենք գործելու։ Երևում է՝ դա տեղացիների դուրը չեկավ և որոշեցին ցույց տալ, որ այդտեղ իրենք են ուժը և իրավիճակի տերը», - ասաց Վահե Դարբինյանը։
Նա պատմեց, որ երեկոյան 8 անց 40-ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։
«Ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։ Նույն այդ պահին բնապահպանության նախարարի հետ Իջևանից վերադառնում էինք Երևան։ Լուրն անմիջապես զեկուցեցի նախարարին և դեպքից մի քանի րոպե անց արդեն տեղում էինք», - ասաց Դարբինյանը։
Նա նշեց, թե իրենց աչքի առաջ հենակետն ամբողջությամբ այրվել ու ոչնչացել է։
Մինչև ուշ գիշեր քննչական գործողություններ են կատարվել, տեղացիներից բերման ենթարկվածներ էլ կան։
Վահե Դարբինյանի խոսքով՝ տեղացիներն ասում են, որ արդեն 30 տարի է՝ իրենք անտառից փայտ են դուրս հանում և հիմա չեն համակերպվում նրա հետ, որ այլևս չեն կարողանալու փայտագողությամբ զբաղվել։