16/10/2017 14:43
Ապրիլյան պատերազմին մասնակից ժամկետային զինծառայողին մերժել են հաշմանդամության կարգ տրամադրել
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, ապրիլյան պատերզմի մասնակից ժամկետային զինծառայող Մնաց Սարգսյանին, որն այդ օրերին մարտի ժամանակ բազմաթիվ բեկորային վնասնածքներ է ստացել, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը մերժել է հաշմանդամության կարգ տրամադրել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղարքունիքի թիվ 2 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Վարդան Գինոյանն ասաց, որ այդ որոշումը արդարացի էր:
«Իհարկե, արդարացի որոշում էր, ինչի՞ մասին է խոսքը: Հիվանդության, ստացած վնասվածքների բնույթը էնպիսին են եղել, որոնք բերել են հենաշարժողական և տեսողական ֆունկցիաների աննշան խանգարման», - ասաց Վ. Գինոյանը:
Նա տեղեկացրեց, որ զինծառայողը հաշմանդամության կարգ ստանալու համար հանձնաժողով դիմել է դեռևս 2016-ի նոյեմբերին, և նոյեմբերի 30-ին փորձաքննության արդյունքում հանձնաժողովը մերժել է նրան տրամադրել հաշմանդամության կարգ:
«Ախտորոշումը հետևյալն է՝ ականապայթյունային վիրավորում զույգ ստորին վերջույթների, ձախ դաստակի, աջ սրունք-թաթային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների բերկորային կույր վիրավորումներ, բազմաթիվ օտար մարմիններ և ցավային սինդրոմ հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումով: Իսկ ՀՀ կառավարության 780 Ն որոշմամբ, աննշան խանգարումը չի բերել հաշմանդամության», - հանձնաժողովի կայացրած որոշման հիմքերը ներկայացրեց Վարդան Գինոյանը:
Բացի նշված խնդիրները, Մնաց Սարգսյանն ունի նաև աչքի ցածր աստիճանի կարճատեսություն, հետվնասվածքային սպի:
Նախորդ տարվա այս մերժումից հետո զինծառայող Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որի միջնորդությամբ այս տարի ամռանը առողջապահության մասնագետների մասնակցությամբ կրկնակի փորձաքննություն է անցկացվել, որի արդյունքներով դարձյալ մերժվել է Մնաց Սարգսյանին տրամադրել հաշմանդամության կարգ:
Ըստ Գինոյանի, նրան տրվել է անհատական վերականգնողական ծրագիր, որի համաձայն հիվանդը կարող է մեկ տարի անվճար բուժսպասարկում անցնել, եթե դրա կարիքն ունի:
Դիտարկմանը, թե Մնաց Սարգսյանն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, և հանձնաժողովը մերժում է նրան, Գինոյանը պատասխանեց. «Մենք չենք մերժում, մենք շարժվում ենք միայն ՀՀ կառավարության ընդունած չափոփրոշիչներով, իսկ այդ չափորոշիչներով աննշան խանգարումները չեն բերում հաշմանդամության և համարվում են կոմպենսացված վիճակներ»:
Հանձնաժողովի նախագահի խոսքով, Մնաց Սարգսյանի գլխավոր խնդիրը հոգեբանական է. «Որպես բժիշկ, չեմ կարծում որ էդ օտար մարմինները՝ մանր ասկոլկաները իրեն էդպես նեղեն, որ ինքը չկարողանա նորմալ տեղաշարժվել»:
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի անդամ Կարեն Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի որոշումն անօրինական է: Նրա խոսքով, Մնաց Սարգսյանն ունի նաև թոքերի հետ կապված խնդիր, ինչը բավական է, որ նրան հաշմանդամության կարգ տրամադրվի, սակայն հանձնաժողովը հաշվի չի առել զինծառայողին տանջող խնդիրները:
«Հանձնաժողովում վերցրել են, անզեն աչքով զննել են ու ասել են՝ չի հասնում քեզ, անգամ Էպիկրիզը հաշվի չեն առնում ու էպիկրիզի հավաստիությունն են կասկածի տակ դնում, երբ մարդը մի շաբաթ պառկել է հոսպիտալ, որտեղ նա ամենայն մանրամասնությամբ բուժզննման է ենթարկվե», - հավելեց Կարեն Հովհաննիսյանը: