16/10/2017 12:53
Արցախի պաշտպանունակության համակարգի ամրապնդմանն ուղղված խնդիրները հաջողությամբ կլուծվեն. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Իր ելույթում Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացվելիք աշխատանքների կարևորագույն ուղղություններն ու առաջադրանքները:
Արցախի ղեկավարն անդրադարձել է պետականաշինության, բանակաշինության, անվտանգության և հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության ու այլ ոլորտներում մոտակա երեք տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքներին ու ծրագրերին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ ծրագրային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է իշխանության բոլոր թևերի ու կառույցների, պետության ու հասարակական հատվածի համատեղ, կազմակերպված ու համակարգված աշխատանք, որը պահանջում է պարտականությունների կատարման հանդեպ պատասխանատվության բարձր աստիճան:
Արցախի նախագահը համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովրդի բարեկեցության հետևողական բարձրացմանը, երկրի անվտանգության ու պաշտպանունակության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները հաջողությամբ կլուծվեն:
Խորհրդակցության մասնակիցներին Բակո Սահակյանը ներկայացրել է իր հրամանով նշանակված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին՝ մաղթելով հաջողություններ ծառայության մեջ: