16/10/2017 17:17
Սարգսյանն ու Ալիևը շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր կձեռնարկեն. ԵԱՀԿ ՄԽ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ժնևում անցել է կառուցողական մթնոլորտում, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունում:
«Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար», - ասված է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունում:
«Համանախագահները գոհունակություն են հայտնել նախագահների ուղիղ բանակցությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել երկարատև ընդմիջումից հետո: Նրանք պատրաստակամ են շարունակել աշխատանքը կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Որպես հաջորդ քայլ համանախագահներն առաջիկայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ երկրների արտգործնախարարների հետ», - նշվում է հայտարարությունում: