16/10/2017 19:26
Լրացուցիչ քայլերի ձեռնարկման լավագույն ճանապարհը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումն է. Շարմազանով
Aysor.am-ի հետ զրուցում Ազգային ժողովի փոխնախագան Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն, ասաց, թե ինչպես և հայկական կողմը նախապես ասել էր, հանդիպումից շրջադարձային փոփոխություններ և նորություններ չէր ակնկալում։
«Պարզապես մեկ տարի անց նախագահների ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ։ Մեր կարևոր խնդիրն այն է, որ ինչքան բանակցությունները շարունակվեն, այնքան մենք ևս մեկ անգամ կխոսենք բացառապես խաղաղ կարգավորման մասին», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մասին էլ, ՀՀԿ խոսնակն ասաց, թե այստեղ, բնականաբար, դիվանագիտական եզրույթներ են օգտագործված և համանախագահները խոսում են կառուցողական հանդիպման մասին։
Ինչ վերաբերում է հարցին, թե նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, Շարմազանովն ասաց, թե կարծում է, որ լրացուցիչ քայլերի ձեռնարկման լավագույն ճանապարհը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումն է.
«Կգնա Ադրբեջանն այդ քայլին, ուրեմն լարվածությունը կնվազի, չի գնա, ուրեմն լարվածությունը կշարունակվի մնալ։ Կարծում եմ, որ համանախագահները հենց դա են նկատի ունեցել, այսինքն՝ նրանք ֆիքսում են, որ մինչ այս, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները Ադրբեջանը մերժել է, և իրականում բանակցությունների սեղանին ասում է մի բան, վերադառնում, բոլորովին այլ բան է անում, և Մինկի խումբը ևս մեկ անգամ ֆիքսում է, որ կարիք կա լարվածությունը նվազեցնելու համար գնալ լրացուցիչ քայլերի»։
Իսկ այդ լրացուցիչ քայլերը, ըստ Շարմազանովի, ոչ այլ ինչ են, քան վստահության մեխանիզմների ներդրում, որի մասին թե՛ հայկական կողմերը, թե՛ համանախագահները մշտապես խոսել են։