17/10/2017 20:06
«Լյուդվիգ անունով ոզնին». Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը և այլք՝ Մհեր Մկրտչյանի նոր կինոկատակերգությունում
«Լյուդվիգ անունով ոզնին». պայմանական հենց այսպիսի վերնագիր ունի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կողմից պատրաստվող նոր աշխատանքը, որն այս անգամ ռոմանտիկ կատակերգության ժանրում է:
Թե ինչպե՞ս ծնվեց նման՝ մի փոքր շփոթություն առաջացնող վերնագրով ֆիլմի գաղափարը, Aysor.am-ի հետ զրույցում հեղինակը պատասխանեց.
«Եթե հասկանայի, թե վերնագրի մեջ ի՞նչն է առավել մեծ խառնաշփոթ առաջացնում՝ ոզնու առկայությո՞ւնը, թե՞ անունը, գուցե կարողանայի առավել հստակ ու սպառիչ պատասխան տալ այդ ուղղությամբ (ժպտում է, հեղ.)… Ինչ վերաբերում է մտահղացմանը, ապա ցանկացած ֆիլմ միշտ սկսվում է սցենարից, որը մտքերի, ապրումների ծնունդ է: Այդ մտքերն արդյունքում կամ կինոսցենարի ֆորմա են ձեռք բերում, կամ շարունակում են որպես միտք էլ մնալ: Այս դեպքում հաջողվեց ինձ հաղորդված էմոցիաներն ու ապրումները սցենար դարձնել»։
Նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը, Գուրգեն Սարգսյանը, Քրիստինա Հովակիմյանը: Ի դեպ, Մհեր Մկրտչյանն անձամբ է ընտրում այն դերասաններին, որոնց հետ պատրաստվում է աշխատել: Հետաքրքրվեցինք՝ կա՞ դերասանական կազմում այնպիսի մեկը, ում ընտրության հարցում տատանվում էր:
«Գիտեք, տատանվում ես մինչև ընտրությունը, քասթինգի ժամանակ, բայց կա մի սահման, որն անցնելուց հետո այլևս իրավունք չունես ընտրությանդ հարցում կասկածելու: Նկարահանման հրապարակ մտնելով՝ պետք է վստահես քո դերասաններին՝ մեկտեղ արժանանալով նրանց վստահությանը», - նշեց մեր զրուցակիցը:
Մինչև վերջին տարիները Ռուսաստանում ապրող ու աշխատող սցենարիստ-ռեժիսորի հայկական ձեռագրին մեր հանդիսատեսը ծանոթացավ նախորդ տարի էկրան բարձրացած «Կյանք ու կռիվ» ֆիլմով, որը, կարծես, հայկական ֆիլմարտադրությանը մրցակցության ձեռնոց նետեց՝ հուշելով, որ ժամանակն է մտածել որակի մասին:
«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը ռեժիսորի առաջին հայկական կատակերգությունն է: Հարցին, թե այս ժանրի բազմաթիվ ֆիլմերի մեջ, որոնցից շատերը միայն մեկանգամյա դիտման են, ինչո՞վ կառանձնանա իր աշխատանքը, նոր որա՞կ կմտցնի, թե՞ կդառնա հերթականը, Մ. Մկրտչյանը պատասխանեց.
«Ես կինոքննադատ չեմ ու չեմ ուզում գնահատական տալ իմ կոլեգաների նկարահանած ֆիլմերին: Լավ, թե վատ, որոշում են մասնագետներն ու հանդիսատեսը: Իսկ թե այս ֆիլմը նոր որակ կթելադրի, թե կհամալրի վատերի շարքը, չեմ կարող ասել: Մի՞թե դուք գիտեք որևէ ռեժիսորի, ով նկարահանման ընթացքում կասի, որ վատ որակի ու անհետաքրքիր ֆիլմ է նկարում… Անկասկած, մենք կփորձենք պատրաստել լավ կինո, բայց վերջնական պատասխանը միշտ հանդիսատեսն է տալիս: Միայն երջանիկ և ուրախ կլինենք, եթե նրա գնահատականը բարձր լինի»:
Շատ ստեղծագործողների համար կատակերգական ֆիլմերն այսօր զուտ կոմերցիոն նպատակ են հետապնդում: Մ. Մկրտչյանը չի ժխտում՝ յուրաքանչյուր ֆիլմ պետք է ունենա կա՛մ կոմերցիոն, կա՛մ էլ փառատոնային հաջողություն: Սակայն պարտված է համարում այն ֆիլմը, որը մասնակցելով փառատոնների՝ ո՛չ որևէ մրցանակ է ստանում, ո՛չ էլ հանդիսատես ձեռք բերում:
Մերօրյա կատակերգական ֆիլմերի որակին բազմափորձ ռեժիսորը չի ցանկանում անդրադառնալ՝ պատասխանատու այդ գործը թողնելով կինոքննադատներին:
«Այլ պայմանականություններ չկան, լավ ռեժիսորը լավ ֆիլմ է նկարում, վատը՝ վատ: Բայց ֆիլմի արժեքը չի կարող հիմնված լինել ռեժիսորի ազգականների, ընկերների կամ մի քանի կինոգործչի կարծիքի վրա: Սովորաբար, եթե ֆիլմը ունի հանդիսատես, նշանակում է՝ հաջողված ու պահանջված է և դաշտում լինելու լիարժեք իրավունք ունի», - ասաց նա:
Շատ ռեժիսորներ կատակերգությանը վերաբերում են որպես թեթև ժանրի, ինչը ոչ միայն բովանդակությանն, այլև՝ սեփական աշխատանքի նկատմամբ պատասխանատվությանն է վերաբերում: Մհեր Մկրտչյանի բնորոշմամբ՝ այս ժանրն ամենաբարդերից է, որի նպատակը պարզապես ծիծաղեցնելը չէ: Ընդգծում է՝ փորձել ծիծաղեցնել ուղղակի ինչ-որ իրավիճակի վրա, դա ոչ միայն կինո չէ, այլև՝ վատ «КВН» է։ Ինչպես արվեստի մնացյալ ժանրերը, այդպես էլ կատակերգությունը պետք է կառուցվի դրամատուրգիայի վրա:
Նշենք, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 9-ին, կավարտվեն նոյեմբերի 10-ին: Նկարահանումները տեղի են ունենում Երևանում:
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2018 թվականին: