17/10/2017 12:48
Կանխատեսվածից բարձր տնտեսական աճը կազդի աղքատության նվազման վրա. Գարիկ Հայրապետյան
Հոկտեմբերի 17-ն Աղքատության վերացման համար պայքարի օրն է:
Հայաստանում աղքատության ցուցանիշը մոտավորապես 30 տոկոս է, որից ծայրահեղ աղքատությունը 4.5 տոկոս է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, նշելով, որ 2016 թվականի տվյալներով 2015 -ի նկատմամբ մոտ 0,5 տոկոսով նվազում է արձանագրվել։
«Այն փաստը, որ այս տարի Հայաստանում ավելի բարձր տնտեսական աճ է կանխատեսվում, քան պլանավորված էր, արդեն ուրախալի է, քանի որ ինչ-որ չափով կարող է ազդել աղքատության նվազման վրա», - ասաց Գարիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ եթե տնտեսական աճը պահպանվում է, աղքատության վրա այն իր ազդեցությունն ունենում է։
«Մենք օրինակ ունենք, մինչև 2009 թվականը, երբ 6-7 տարի շարունակ բավական բարձր տնտեսական աճ էինք ունենում, աղքատության գործակիցը երկու անգամ կրճատվեց։ Եթե ունենանք շարունակական աճ, աղքատության ցուցանիշն էլ ավելի կնվազի»,- նշեց Հայրապետյանը։