17/10/2017 13:53
Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով լինի արդյունավետ. Դավիթ Հարությունյան
Էներգետիկ ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում և փորձել նվազեցնել, ենթադրենք, հոսանքի գինը, այսօր լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, դրանք երկու տարբեր չափանիշներ են: Դավիթ Հարությունյանը նշեց, որ անգամ ատոմակայանների պարագայում երկու իրարից տարբերվող մոտեցումներ կան:
«Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով», - ասաց նախարարը:
Դ.Հարությունյանը նշեց, որ Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ:
«Կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման: Անընդհատ վերանայելու ենք` կախված տեխնոլոգիական զարգացումներից: Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը 50 մեգավատտանոց բլոկերով աշխատեցնել և դա փոխում է գնահատումը: Այսինքն` մենք դրա արդյունքում կարող ենք գնալ լրիվ այլ ճանապարհով, որ ստեղծենք շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան: Հնարավոր է, որ ինչ-որ նոր տեխնոլոգիա առաջանա, հնարավոր է, որ վերանայենք մեր մոտեցումները», - ըդգծեց Դ.Հարությունյանը:
Նա համաձայն է դիտարկմանը, որ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան:
«Բայց եթե կա արդեն կառուցված ատոմակայան: Բայց երբ հաշվարկվում են ներդրումները, այլ պատկեր է ստացվում։ Այն ամենևին այնքան էժան չի լինելու, ինչ այսօրվա ատոմակայանի արտադրանքը, սա պետք է առաջին հերթին հաշվի առնել», - նշեց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ատոմակայան ունենալը տալիս է անկախություն, նախարարն արձագանքեց. «Ի վերջո, մենք չունենք հումքի արտադրություն և որոշակի կախվածության մեջ ենք հումք արտադրողներից, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք բոլոր տարրերը հաշվի առնել»: