17/10/2017 12:18
Նախագահների հանդիպման գլխավոր արդյունքը շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի մասին պայմանավորվածությունն է. Սերգեյ Մինասյան
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լավատեսությամբ, բայց չափազանց զգուշավոր լավատեսությամբ է խոսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։
«Հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, ինչի մասին արդեն հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Մինասյանը։
Նա նշեց` սա այն է, ինչի մասին հատկապես խոսվում էր հետապրիլյան շրջանում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում։
Մինասյանի խոսքով՝ վերջին 10 տարվա ընթացքում Մինսկի խմբի գլխավոր նպատակը հենց այդ լարվածության նվազեցումն ու վստահության մեխանիզմների ձևավորումն է հանդիսանում.
«Հասկանալի է, որ առանց դրա քաղաքական որևէ պայմանավորվածության վրա դուրս գալու հնարավորություն չի լինի։ Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում և նաև Բրյուսելում շատ լավ հասկանում են, որ եթե սահմանում կրակոցներ կան և կողմերից մեկն ամեն օր փորձում է պատերազմի սպառնալիքի տակ լարվածություն պահել, ապա խոսել բանակցային իրական գործընթացի մասին իմաստ չունի»։
Սերգեյ Մինասյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ այս ամենին չափազանց զգուշավոր լավատեսությամբ է մոտենում, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին տարիներին հնարավորություն չի տվել հավատալու իր խոստումներին։
«Գլխավոր հարցն այն է, թե արդյոք Իլամ Ալիևը վերադառնալով Բաքու նույն բանը չի՞ անի, ինչ արել է բազմիցս, ինչն արել է նաև իր հայրը՝ Հեյդար Ալիևը, արևմտյան մայրաքաղաքներում Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվել մի բան, վերադարձել ու դիմել այլ քայլերի»,- ասաց քաղաքագետը։