17/10/2017 14:13
Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օրերին Երևանում է գտնվում: Օրերս էլ երևանյան մանկական ժամանցի վայրերից մեկում, ընտանեկան միջավայրում բռնցքամարտիկը նշեց որդու 1 ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով տոնական օրվա անակնկալներին՝ նա նկատեց.
«Անակնկալներ շատ են եղել, բոլորն էլ շատ հաճելի էին, բայց կդժվարանամ հատ առ հատ նկարագրել: Իսկ ծնողների կողմից մեր տղայի ամենամեծ նվերը մեր սրտի նվիրվածությունն է: Նրան միայն առողջություն ենք մաղթում, մնացածն ինքներս կանենք իր համար»:
Հարցին, թե ում հետ է առավել կապված փոքրիկ Գրիգորը՝ Ա.Աբրահամը խոստովանեց. «Մայրիկը միշտ ամենամտերիմն ու ամենակապվածն է երեխայի հետ: Թեև Գրիգորն արդեն քայլում է, նաև խոսելու փորձեր է անում, բայց այդ խոսքերը սահմանափակվում են «մամա»-ով ու «պապա»-ով»:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը մարզումների պատճառով հաճախ է բացակայում տանից: Ինչպես ինքն է նշում՝ այդ ամբողջ ընթացքում անհամբեր սպասում է որդու հետ հանդիպմանը:
«Իսկապես, շատ եմ բացակայում, ու մեր հանդիպումը, բնականաբար, շատ էմոցիոնալ է լինում. երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ: Դրանից առավել մեծ ուրախություն չկա», - նշեց մեր զրուցակիցը:
Սովորաբար, հատկապես հայ հայրերը, սիրում են որդիներին երես տալ: Արթուր Աբրահամը հայրիկների այդ խմբին չի պատկանում. ընդգծում է՝ ինքը նորմալ հայր է ու այդպես էլ կշարունակի: Ոչ շատ խիստ է, ոչ էլ երես տվող, ամեն ինչ չափի մեջ է սիրում:
Ընտանիքի՝ ևս մեկ փոքրիկով համալրման մասին ամուսինները դեռ չեն մտածում: