18/10/2017 12:14
Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջև առկա կառուցողական համագործակցության և արդյունավետ հանդիպումների վերաբերյալ:
Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները բոլոր խորհրդարանական վեհաժողովներում մշտապես պաշտպանում են Արցախի ժողովրդի արդար դատը և ներկայացնում արցախահայության խնդիրները:
«Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է», - փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Շարմազանովի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը տեսնեն ժողովրդավար Արցախը:
Վահրամ Բալայանն է երկու խորհրդարանների միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը և հավելել, որ իրենք մշտապես զգում են ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը:
Վ. Բալայանը նշել է, որ Արցախի խորհրդարանականները պարբերաբար հանդիպում են Հայաստանի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկում տարբեր ոլորտներում համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: