18/10/2017 15:38
Հայաստանում բենզինը 5-6 տոկոսով թանկացել է. ՏՄՊՊՀ նախագահ
Այս տարվա սեպտեմբերին բենզինի գները 20 դրամով բարձրացել են, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ բենզինի գնի բարձարցումը կազմել է 5-6 տոկոս:
«Տարվա սկզբից մինչև այսօր 90 հազար տոննա բենզին է ներկրվել Հայաստանի Հանրապետություն: Բենզինի ներկրումն իրականացնում է երեք տարբեր ընկերություն՝ «Ֆլեշ»-ը, CPS-ը և «Մաքս պետրոլը»», - ասաց Ա. Շաբոյանը` նշելով, որ բենզինի ներկրումն իրականացվում է երեք երկրից՝ Ռուսաստանից, Բուլղարիայից ու Թուրքմենստանից:
«Ուսումնասիրել ենք այս ընկերությունների ձեռքբերման փաստաթղթերը, թե ինչ գնով են բենզինը ներկրում և շուրջ 5-6 տոկոսով բարձրացել է բենզինի ձեռքբերման գները», - ասաց Ա. Շաբոյանը:
Նա նշեց, որ ուսումնասիրել են նաև Վրաստանի և Ռուսաստանի գները:
«Քանի որ հիմնական մատակարարը Ռուսաստանն է, այնտեղ այս ժամանակահատվածում նույնպես բարձրացել են գները, իսկ Վրաստանում վերջին երկու ամսում բենզինի գները բարձրացել են 7 տոկոսով: Եթե համապատասխան փոխարժեքով հաշվարկում ենք, ներկա պահին Վրաստանում բենզինի վաճառքի գինը կազմում է 404 դրամ, Հայաստանում՝420 դրամ: Բնականաբար, այստեղ պետք է հաշվի առնել տրանսպորտային ծախսերը, քանի որ բենզինն ամբողջությամբ ներկրվում է Վրաստանի տարածքով, երկաթգծով, տրանսպորտային էական ծախսեր են կատարվում», - հավելեց Ա. Շաբոյանը: