18/10/2017 12:39
Դեպի ԵԱՏՄ արտահանումն աճել է 34,2 տոկոսով. Սուրեն Կարայան
2017-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների արտահանման աճ է արձանագվել 21,7 տոկոս, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«2017 թ. հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի աճը կազմել է 12,4 տոկոս։ Առավել բարձր է եղել մշակվող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16,4 տոկոս», - նշեց նախարարը։
Ս.Կարայանն ասաց, թե հատկանշական է, որ բարձր աճի տեմպեր են արձանագրվել ծառայությունների այն ոլորտում, որոնք անմիջապես կապված են զբոսաշրջության աճի հետ։
«Մեզ համար նաև սկզբունք է եղել, որ Հայաստանում ձևավորվի արտահանելի տնտեսություն։ Թիրախավորել ենք այն շուկաները, որի շուրջ պետք է աշխատանքներ իրականացնենք՝ ԵԱՏՄ և ԵՄ», - ասաց Ս. Կարայանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները եղել են արդյունավետ։
Ըստ նախարարի՝ հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 34,2 տոկոսով, իսկ ԵՄ անդամ երկրներ՝ 32,6 տոկոսով։
Կարայանն ասաց, թե աշխատանքներ են իրականացնում, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում հայկական ապրանքները հնարավորինս լայն ներկայացված լինեն.
«Բանակցություններ ենք վարել խոշոր առևտրային ցանցերի հետ և արդեն մեր ապրանքատեսակները ներկայացված են գրեթե բոլոր խոշոր ցանցերում»։