18/10/2017 17:09
Լևոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Հայրապետյանի ընտանիքին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լևոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին:
Լևոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը:
Պետությունը բարձր է գնահատել Լևոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն և ոգու կորով:
Լևոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»: