18/10/2017 20:17
Կամո Ունանյանը մեծ սպորտ վերադարձավ չեմպիոնի տիտղոսով (Տեսանյութ)
Հոկտեմբերի 14-ին Կամո Ունանյանը Լեհաստանում կայացած կարատեի աշխարհի կարևորագույն՝ Գրանդ Պրի մրցաշարում գրավելով առաջին պատվավոր մրցանակային տեղը՝ վերադարձավ մեծ սպորտ: Aysor.am-ի հետ նախորդ հարցազրույցում նա նշել էր, որ չնայած իր առողջական լուրջ խնդիրներին և երկարատև չմարզվելուն՝ կանի ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար:
«Այս անգամ մենամարտել եմ 75 կգ և մաստեր քաշային կատեգորիաներում: Ընդհանուր՝ 8, իսկ 75 կիլոգրամ քաշային կարգում՝ 5 մենամարտ: Ամենավճռորոշն ու դժվարը, նաև՝ ամենալարվածն ու հետաքրքիրը 75 կգ քաշային կարգում լեհ մարզիկի դեմ պայքարն էր: Վերջին րոպեներին ուղղակի «հափշտակել» եմ հաղթանակը՝ 1 միավոր գրանցելով իմ օգտին»,- Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով մանրամասնեց չեմպիոնը:
Մարզիկի համար այս մրցաշարը բարդ էր նաև այն առումով, որ մինչ այդ ոտքի վնասվածք էր ստացել:
Մարզիկը խոստովանեց՝ թեև հիմա ոտքի ցավն առավել սրացել է, սակայն չի զղջում և ուրախ է մասնակցության և ապահոված հաղթանակի համար:
Կամո Ունանյանն առաջիկայում Լեհաստանից Հայաստան կվերադառնա՝ պատրաստվելու հերթական նվաճումներին: