19/10/2017 19:44
Շնորքով ես, հո զոռով չի՛. Իվետա Եդիգարյանը՝ հոր արձագանքի, նոր ֆիլմի ու տեսահոլովակի մասին
Դերասանուհի-երգչուհի Իվետա Եդիգարյանն, ով շատերին ծանոթ է որպես «Վերվարածները» սերիալի Զիտա, պատրաստվում է առաջիկայում հանրությանը ներկայանալ նոր զուգերգով, որը կատարելու է մոսկվաբնակ երգիչ Էդգար Գևորգյանի հետ:
«Էդգարի կողմից դուետի առաջարկ ստացա ու սիրով ընդունեցի: Երգը հայերենով է, սիրո մասին է, բառերի հեղինակը Աննա Հովներն է, երաժշտությունը գրել է Արթուր Ղուկասյանը: Շուտով այն կձայնագրենք, ու եթե հաջողություն ունենա և ընդունվի մարդկանց կողմից, գուցեև տեսահոլովակ նկարենք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա:
Իվետա Եդիգարյանի և Աննա Հովների համագործակցությունը շարունակական է, երգչուհին հաջորդ տարվա ընթացքում ևս մի քանի նոր աշխատանք կներկայացնի երկրպագուներին:
Մայրաքաղաքի մի քանի ակումբում որպես երգչուհի աշխատող դերասանուհին նաև էկրանային զբաղվածություն ունի. նկարահանվում է «Վերվարածների» շարունակություն հանդիսացող «Անուղղելիներում»՝ կրկին Զիտայի կերպարում: Հարցին՝ ինչպիսի՞ն են զգացողություններն ու տպավորությունները տարիներ անց նույն թիմում աշխատելու պարագայում, պատասխանեց.
«Տպավորություն է, որ երկարատև բացակայությունից հետո վերադառնում ես հարազատներիդ մոտ: Նախ, ինձ համար հարազատ վայր է «Շանթ» հեռուստաընկերությունը, քանի որ որպես դերասանուհի հենց այս հեռուստաընկերության շնորհիվ եմ ճանաչվել: Ճիշտ է, հիմա «Շանթ պրեմիումով» է հեռարձակվում, բայց, կարծում եմ, մի քանի ամսից այն նաև «Շանթի» եթերում կլինի… Ինչ վերաբերում է սերիալին, հրաշալի թիմ է հավաքվել: Վստահ եմ՝ նախորդ հաջողությունը ոչ միայն կպահպանվի, այլև՝ գուցե գերազանցի: Այս սերիալը պետք չէ համեմատել որևէ մեկ այլ սերիալի հետ, քանի որ դաշտում առաջինն է եղել: Մարդիկ Անթառամին, Լիպոյին, Զիտային, Կարինային, Փայլակին, Ճպլին և մյուսներին ընդունում են որպես իրենց ընտանիքի անդամներ»:
Անդրադառնալով Լիպոյի դերակատարի փոփոխությանն ու Կնյազի՝ սերիալից բացակայությանը` մեր զրուցակիցը նկատեց.
«Լիպոյին մարմնավորող Հայկ Սարատիկյանին, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, փոխարինում է դերասան Մակար Գալստյանը: Կարծում եմ՝ ընտրությունը շատ ճիշտ է, Մակարն էլ կարողանում է կերպարի ճիշտ ուղղությունը պահել… Արտյոմ Կարապետյանն էլ՝ Կնյազը, Ռուսաստանում է բնակվում, ինչով էլ պայմանավորված է նրա բացակայությունը սերիալում: Շատ լավ կլիներ, որ նա էլ մեզ մոտ լիներ ու մեր սերիալային ընտանիքը լիարժեք դառնար: Աստված տա՝ մի օր Արտյոմը վերադառնա ու միանա մեզ»:
Վերջին շրջանում դերասանուհին նկարահանվել է նաև Հայկ Մարությանի «Սուպեր մամա 2» ֆիլմում՝ գաղութի աղջիկներից մեկի կերպարում: Ընդգծում է՝ թեև իր կերպարի ասելիքն այնտեղ փոքր էր, սակայն՝ հետաքրքիր:
«Քանի որ ես նկարահանումների էի, ֆիլմի պրեմիերային չեմ գնացել, բայց հայրս (դերասան Աշոտ Եդիգարյան, հեղ.) և դուստրս ներկա են եղել: Ինձ համար ամենակարևոր կարծիքը հայրիկիս կարծիքն է, ով չափազանց խիստ հանդիսատես է: Հազվադեպ է լինում, որ ինձ գովեստի խոսքեր շռայլի, քանի որ շատ լավ ծանոթ է հնարավորություններիս՝ գիտի՝ ի՞նչ կարող եմ անել, և երբ եմ «գլուխ պահում»: Շատ էր հավանել այս ֆիլմում իմ խաղը, ասաց՝ «դե շնորքով ես, հո զոռով չի՛… » Սա ինձ համար ամենաբարձր գնահատականն էր: Սիրում եմ, երբ տարբեր կերպարներ են ինձ վստահվում, այդկերպ կարող ես ցույց տալ, որ մի ամպլուայի դերասանուհի չես», - ժպիտով խոստովանեց դերասանուհին:
Դերասանուհի-երգչուհին չի թաքցնում՝ երկու աշխատանքը դժվարությամբ է հասցնում. ակումբից՝ նկարահանման հրապարակ, նկարահանման հրապարակից՝ ակումբ, սակայն այս վազքի մեջ ամենակարևորը գործատուների հետ փոխըմբռնումն է:
«Մի կերպ եմ հասցնում: Օր է եղել, որ ամբողջ օրը նկարահանման հրապարակում եմ անցկացրել, հետո վազել ակումբ՝ երգելու: Տուն եմ վերադարձել գիշերը՝ շատ հոգնած: Ես միշտ շեշտել եմ՝ ինձ համար առաջնայինը դերասանի մասնագիտությունն է, քանի որ սա իմն է, ի՛մ գործը, աշխատանքը: Իսկ երգելը հոբբի է, ու դրան էլ պատասխանատվությամբ ու սիրով եմ մոտենում: Բայց ես պրոֆեսիոնալ երգչուհի չեմ, պարզապես ունեմ իմ լսարանը, միշտ կենդանի հնչողությամբ եմ հանդես գալիս: Քանի դեռ լսարան ունեմ, մարդկանց դուր է գալիս իմ ձայնի տեմբրը, կմնամ բեմում ու կերգեմ, չեմ հիասթափեցնի», - զրույցը եզրափակեց Իվետա Եդիգարյանը: