19/10/2017 21:14
Սա կրակոց էր Ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ. Շարմազանովը` Արցախում ադրբեջանական կրակոցից զինվորի զոհվելու մասին
Վերջին տարիների ընթացքում սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որն ընդունվել է ոչ միայն համանախագահների, այլ բանակցող կողմերի արտգործնախարարությունների կողմից, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ժնևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
Նա նկատեց, թե պայմանավորվածություն է եղել, որ շփման գծում լարվածությունը պետք է թուլացնել, և «սրանք միայն ու միայն այն բովանդակային պայմանավորվածություններն էին, որ ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»:
Խոսելով այսօր սահմանին հակառակորդի կրակոցից զինվորի մահվան դեպքին,Է.Շարմազանովն ասաց. «Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, թե որն է իր խոսքի արժեքը, որ նա չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որ ընդունել էր Ժնևում: Ադրբեջանը ցույց է տալիս, որ սա կրակոց է ոչ թե հայկական կողմի վրա, այլ սա կրակոց է Ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ: Գոնե հիմա պիտի արձագանք լինի միջազգային հանրությունից՝ ուղիղ ու հստակ»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի մեղադրանքներին, թե նախագահ Սարգսյանը հանդիպման մանրամասները ներկայացրել է Ժնևի հայ համայնքի հետ հանդիպմանը, ապա ԱԺ փոխնախագահը դրանք որակեց որպես իրականության հետ կապ չունեցող, անհեթեթ հայտարարություններ:
«Նախագահը Ժնևի հայ հանրության հետ հանդիպման ժամանակ ասել է այն, ինչ մենք միշտ ասում ենք, նախագահի հայտարարությունը նորություն չէ, և դա ժնևյան պայմանավորվածությունների մանրամասների հետ ոչ մի աղերս չունի: Ադրբեջանական կողմը ոչ մի ասելիք չի ունեցել, նրանք ընկալման խնդիր ունեն, հակառակ դեպքում նման հայտարարություններ չէին անի», - ասաց ՀՀԿ խոսնակը:
Խոսելով ամերիկացի նախկին համանախագահի հայտարարությունների մասին, թե պատերազմի լարված իրավիճակ կա հիմա և կողմերի մոտ էլ չկա համաձայնության ու փոխզիջումների ձգտում՝ նա նշեց. «Դիվանագետին հատուկ հավասարության նշան է դրել պարոն Ուորլիքը ու կոռեկտություն է ցուցաբերել, բայց ով-ով՝ պարոն Ուորլիքը շատ լավ գիտի՝ ով է իսկական խոչընդոտողը բանակցությունների առաջընթացը: Այսօրվա կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների»:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանը որևէ նոր փաստաթուղթ Արցախի շուրջ չի քննարկում:
«Իսկ ժնևյան հանդիպման դրական կետն այն է եղել, որ հանդիպելն ավելի լավ է, քան՝ չհանդիպելը: Արձանագրվեց ոչ միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրացում, այլև դրանց միացավ Ադրբեջանը, իսկ հիմա նա փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից այդ կրակոցով: Այս կրակոցը ոչ միայն հայաստանյան ու արցախյան կողմերի դեմ էր, նաև այն հայտարարության դեմ էր, որին միացել է Ադրբեջանը: Սա իմ մասնավոր կարծիքն է», - եզրափակեց Է. Շարմազանովը: