20/10/2017 16:00
Տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ստվերի կրճատմամբ. Բաբկեն Թունյան
Այս տարվա 8 ամիսներին գրանցված ավելի քան 21 տոկոս արտահանման աճը տպավորիչ ձեռքբերում է, «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
«Սա վկայում է այն մասին, որ արտահանող ճյուղերը կայունանում են», - նշեց նա:
Փոխնախարարն ընդգծեց, որ նախարարության կարևորագույն նպատակներից մեկն է արտահանող կազմակերպություններին մրցունակ դարձնելը, որի համար տարվում են համապատասխան աշխատանքներ: Որպես օրինակ փոխնախարարը նշեց բազմաթից ցուցահանդեսներում ու տոնավաճռներում հայաստանյան ապրանքների ներկայացվածությունը:
Հանդիպման հաջորդ բանախոս տնտեսական մեկնաբան, b4b.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը նշեց, որ արձանագրվել է 5.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ինչը լավ ցուցանիշ է և փաստում է, որ տարեվերջին նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ՀՀ կունանա մոտ 4.3 տոկոս տնտեսկան աճ:
«Տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ստվերի կրճատմամբ, երկրորդ կարևոր ցուցանիշն էլ այն է, որ 2016 թվականը գրեթե զրոյական աճի բազայով ենք փակել», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ հասարակությունը միանգամից չի կարող զգալ տնտեսական աճի ցուցանիշը` եկամուտների բևեռացման պատճառով: