20/10/2017 18:32
Բակո Սահակյանը Բրյուսելում ներկա է գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ և ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում քրտնաջան և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձևավորել այս խումբը, ընդգծելով, որ այն հանդիսանում է Վալոնիայի ու Արցախի, մեր ժողովուրդների միջև բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության խորհրդանիշ և կարևոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերությունների ու փոխգործակցության խորացման գործում:
Արցախի Հանրապետության նախագահը Վալոնիան բնութագրել է որպես Արցախի համար բարեկամ երկրամաս, Բելգիայի և Եվրոպայի կարևոր միավորումներից մեկը, ֆրանկոֆոն հանրության հանգուցային օջախը, որի հետ կան բազմաթիվ ընդհանրություններ աշխարհընկալման, արժեհամակարգի, մշակույթի և նիստուկացի մեջ:
Միջոցառման ընթացքում Բակո Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր ռեկտոր Բեռնար Կուլիին և բելգիացի խորհրդարանական Անդրե դե Բյուսին: