20/10/2017 14:16
Ժնև գնալու հիմնական նպատակներից մեկը հայկական կողմի բանակցային նոր դիրքորոշման մասին բարձրաձայնելն էր. Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)
Երկար ընդմիջումից հետո Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ բանակցային գործընթացը բավականին բարդ իրավիճակում է գտնվում, եթե ընդհանրապես կարելի է խոսել բանակցային գործընթացի առկայության մասին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Վերջինս ընդգծեց, որ հանդիպմանը հաջորդած ԱԳ նախարարիների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը փաստում է՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են բանակցային գործընթացն առաջ տանելու հնարավորություններն ու սահմանային լարվածությունը նվազեցնելու հարցը:
«Սա փաստում է այն մասին, որ հանդիպման ընթացքում քաղաքական այն օրակարգն է առաջ քաշվել, որը հայկական կողմը մշակել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Ըստ էության, խոսվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին և թե ինչպես կարելի է հասնել նրան, որ Ադրբեջանը սկսի կատարել դրանք», - նշեց քաղաքագետը:
Վերջինս ընդգծեց, որ թեև Հայաստան-Սփյուռ համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը տարածքների հանձնման մասին շատ քննարկվեց, բայց բոլորի աչքիս վրիպեց մի շատ կարևոր շեշտադրում, որը ընդգծվում էր նաև ժնևյան հանդիպման ժամանակ:
«Եթե ապրիլյան պատերազմից առաջ Մադրիդյան սկզբունքների մասին էր խոսվում, որոնք Լաչինի միջանցքի պահպանումը զուտ որպես ցամաքային կապ էին տեսնում, ապա հայկական կողմը հիմա խոսում է անվտանգությանը չսպառնացող տարածքների հնարավոր զիջման մասին: Խոսքը ոչ միայն Լաչինի մասին է, այլ՝ այդ զիջումների աշխարհագրությունը ինչ-որ չափով նեղացվում է, և ես ավելի քան համոզված եմ, որ Ժնև գնալու հիմնական նպատակներից մեկը հայկական կողմի բանակցային այս նոր դիրքորոշման մասին բարձրաձայնելն էր», - ասաց քաղաքագետը: