20/10/2017 19:07
ԵՄ ներգրավվածությունը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության ձեռքբերմանը
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում, որի ընթացքում ելույթով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Քննարկումը համակարգել է «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն։ Նա նշել է, որ սա շատ բացառիկ հնարավորություն է Բրյուսելում խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂՀ ներքին և արտաքին խնդիրների մասին ԼՂՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ։
ԼՂՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարացման գործընթացների համալիր պատկերը՝ շեշտելով, որ ԼՂՀ-ն բաց է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համար, ինչպես նաև կոչ արել ԵՄ-ին՝ դիտարկելու հետագա ակտիվ ներգրավվածությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ քաղաքացիական հասարակության ուժեղացումը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունը և հումանիտար բնույթի այլ ոլորտներում։
«ԵՄ-ի համագործակցությունը Արցախի հետ պետք է կայունացնող դեր խաղա և դառնա կարևոր գործոն Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման համար, ավելին՝ ԵՄ-ն պետք է ազդարարի, որ անթույլատրելի է կիրառել առճակատումը և շրջափակումը որպես հակամարտությունների լուծման միջոց։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսումը չի կարող կասեցվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության չլուծվածության հետևանքով, ավելին՝ Ղարաբաղի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ դառնա Արցախի և ԵՄ-ի միջև համագործակցության համար»,- ասել է Մասիս Մայիլյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ընդգծել է, որ մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում համարվում են պետականության հիմնարար մաս, և շարունակաբար ջանքեր են գործադրվում այդ ոլորտը զարգացնելու, ինչպես նաև մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Դրա վառ ապացույցն է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է մշակել և ընդունել Մարդու իրավունքների ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։
Ռուբեն Մելիքյանը մասնակիցներին ներկայացրել է արդեն հրապարակված զեկույցը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին 2016 թ․ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև նոր պատրաստվող զեկույցը Ադրբեջանում հայատյացության մասին։ Նա իր եզրափակիչ խոսքում շեշտել է, որ «քսենոֆոբիան մշտապես անընդունելի է»։
Մասնակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մարդու իրավունքներին առնչվող տարբեր հիմնախնդիրների, ինչպիսիք են՝ ներկա բանակցային գործընթացը, խաղաղաշինական ծրագրերը, ինչպես նաև հակամարտության կարգավորման հեռանկարները։
Քննարկման ընթացքում խոսվել է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների, վերջինիս դերակատարության, ինչպես նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված ակնկալիքների մասին։
Եզրափակելով քննարկումը՝ Դիոգո Պինտոն նշել է. «Սա հաջողված միջոցառում էր, և ես ուրախ եմ տեսնել այսքան մարդկանց հետաքրքրվածությունը քննարկվող թեմայով։ Արցախը գոյություն ունի անկախ հակամարտությունից, և այն իրոք կարիք ունի առավել լավ ճանաչվելու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոտրել Ադրբեջանի կողմից ստեղծված շրջափակումը։
Հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների՝ բանակցային գործընթացում ուղիղ ներգրավվածության շնորհիվ, և ԵՄ-ն կարևոր դեր կարող է խաղալ՝ ընդլայնելով ու ակտիվացնելով շփումներն այդ տարածքի և այնտեղ բնակվող մարդկանց հետ»։