20/10/2017 16:41
Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով երեկ զինվոր է զոհվել. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, այսօր Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Է. Նալբանդյանը տեղեկացրեց, որ իր գործընկերոջը ներկայացրել է միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
«Ցավոք, Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով երեկ զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի ԱԳ նախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը: