20/10/2017 11:48
Աբրահամյան. Արցախի բանակը կհամալրվի ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը՝ պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման համար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրեր առաջ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, ներկայացնելով առաջիկա անելիքները (2017-2020 թթ. համար) հայտարարեց, որ բանակաշինությունն ու անվտանգությունը պետակաշինության առանցքային ուղղություններն են, Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, առաջիկա տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:
«Նախագահը ընդգծեց, որ առաջիկայում Պաշտպանության բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը: Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը», - նշել է նախագահի խորհրդականը:
«Բակո Սահակյանը նշեց, որ Արցախը երբեք ագրեսոր չի եղել, բայց կանի ամեն ինչ Արցախում ապրող մարդկանց սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար», - գրել է Տ.Աբրահամյանը: