20/10/2017 12:07
Մեծամորի ատոմակայանի փակման մասին ՀՀ-ԵՄ համաձայնագրում խոսք չկա. Աշոտ Մանուկյան
ՀՀ-ԵՄ համաձայնագրում հայկական ատոմակայանի փակման մասին խոսք չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
«Կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություններ», - ասաց Աշոտ Մանուկյանը։
Նախարարն ընդգծեց՝ կառավարության դիրքորոշումն այս հարցում չափազանց հստակ է։
«Ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրն անվերջ չէ, կաշխատի այնքան, որքան ռեսուրս կունենա, և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ շահագործելու համար։ Դրանից հետո այն կապագործարկվի, փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ։ Սա ակնհայտ է և կառավարության դիրքորոշումն է», - նշեց էներգետիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցումը խնդրահարույց չէ։
«Վստահ եմ, այն կկառուցվի: Բոլորովին այլ հարց է, թե ինչ հզորությամբ: Այս հարցերի պատասխանը կտանք երկու տարվա ընթացքում», - ասաց նախարարը։