21/10/2017 10:22
Պատկերացնո՞ւմ եք` ինչ հրաշք կկատարվի երթուղայինների ոլորտում, եթե վարչապետը մի օր աշխատանքի գնա երթուղային տաքսիով. «Փաստ»
Երկար ամիսներ է, որ խցանումների պատճառով աշխատանքի գալիս կամ տուն վերադառնալիս մարդիկ ժամերով մնում են փողոցներում և չեն կարողանում ժամանակին տեղ հասնել: Այս խնդրին անդրադարձել է նաև մամուլը, բայց մինչ օրս հարցն այդպես էլ չի լուծվել: Ինչ-որ մեկի պայծառ մտքով անցավ Հանրապետության հրապարակի լուսաֆորներն անջատել, բայց խնդիրը փոքր-ինչ մեղմվելու փոխարեն ավելի խորացավ, մեծացավ ու հասավ կառավարություն. գրել է «Փաստ»-ը:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել նվազեցնելու Երևանում աշխատանքային օրերին առաջացող խցանումները:
«Այն, որ վերջապես կառավարության ղեկավարին է հասել, որ մայրաքաղաքում երթևեկության վիճակը ծայրաստիճան վատ է, որ վարորդներն ու ուղևորները խցանումներից չեն կարողանում աչք բացել, լավ է, բայց որ հարցը մոտ ապագայում կլուծվի՝ մի տեսակ երազանքի է նման: Կարելի է միայն ենթադրել, որ այդ խցանումները վերջապես կառավարության նյարդերի վրա էլ են ազդել, այդ պատճառով է հարցը մտել օրակարգ, իսկ պատկերացնո՞ւմ եք` ինչ հրաշք կկատարվի մայրաքաղաքը սպասարկող երթուղայինների ոլորտում, եթե հանկարծ մի օր մեր հարգարժան վարչապետը որոշի աշխատանքի գալ ոչ թե ծառայողական մեքենայով, այլ՝ երթուղային տաքսիով: Այ դա արդեն ոչ թե կառավարության նիստի ժամանակ թեթև հանձնարարականի տեսքով կարտահայտվի, այլ՝ ծանր քննարկման թեմայի կվերածվի, ինչի մասին վաղուց երազում են բոլորը»,- մեկնաբանել է թերթը: