21/10/2017 14:48
Ապրիլյան պատերազմից հետո առավել ակնհայտ դարձավ` ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծել հնարավոր չէ. ռուս փորձագետ
Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծել հնարավոր չէ:
«Ապրիլյան պատերազմից հետո դա առավել ակնհայտ դարձավ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ռուս փորագետը շեշտեց` սա պետք է ակնհայտ լինի բոլոր նրանց համար, ովքեր բարձրաձայն հայտարարում են, որ դեռևս այդ ճանապարհը կա:
«Մեկ անգամ չէ, որ միջնորդները նշել են`չի կարող լինել ուժային լուծում»,- նշեց փորձագետը:
Արեշևի խոսքով` փոխզիջումների ճանապարհը պահանջում է երկու կողմերի բարի կամքը, ինչը, սակայն, տեսանելի չէ և պարզ է, թե որ կողմից։
«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է իր բաժին ճանապարհն անցնել, սակայն ցանկացած փոխզիջումային որոշման կարելի է հասնել միայն բոլոր կողմերի բարի կամքի դրսևորման դեպքում»,- ընդգծեց նա: