23/10/2017 11:50
Նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում և խոշորացում. Վիգեն Սարգսյան
«Պաշտպանության մասին» առաջարկվող ՀՀ օրենքով նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին։ ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե արդյունքում ինչպիսի՞ համակարգային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու զինկոմիսարիատներում։
«Պարզ է, որ այստեղ լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի լինեն», - նշեց Կորյուն Նահապետյանը։
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ արդեն իսկ պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը։
«Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում», - նշեց պաշտպանության նախարարը։
Վերջինս նաև ընդգծեց, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն ծավալել։