23/10/2017 19:23
Ստոկհոլմը Փհենյանից պահանջել է մարել 43-ամյա վաղեմության պարտքը
Ստոկհոլմը Փհենյանից պահանջել է մարել 43-ամյա վաղեմության պարտքը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով EKN ապահովագրական ընկերության զեկույցին:
Հյուսիսային Կորեան Շվեդիային 330 մլն դոլար է պարտք:
«Հյուսիսային Կորեան սկանդինավյան երկրին պարտք միակ պետությունն է, որը նույնիսկ չի փորձել պարտքը վերադարձնել»,- նշել է KBS-ն:
1974 թվականին Փհենյանը Շվեդիայից Volvo մակնշի մի քանի հազար ավտոմեքենա և այլ ապրանք է ձեռք բերել: Մատակարարումը կատարվել է, սակայն Փհենյանը դրանց դիմաց դրամական միջոցներ չի փոխանցել՝ տարբեր հանգամանքներ վկայակոչելով:
Հյուսիսային Կորեան սկզբում 73,5 մլն դոլար է պարտք վերցրել, սակայն վերջին տարիներին տոկոսների պատճառով պարտքը 4,5 անգամ աճել է:
Շվեդիայում նշել են, որ հյուսիսկորեացիները ոչ մի կերպ չեն արձագանքում պարտքը մարելու պահանջներին: