23/10/2017 10:46
Վահան Արծրունուն և «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառները. Արմեն Ամիրյան
ՀՀ մշակությի նախարար Արմեն Ամիրյանը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու չկայած համերգի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ պատրաստակամ է բացահայտելու համերգի չկայանալու մեղավորին։
«Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները , ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ բարձրաձայնել , որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ): Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և բանսարկություն:
Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու , փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն:
Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ, այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ցանկացած սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսական դժվարություններ, ապա նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել ( մինչ օրս այդպես էլ եղել է):
Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս»,-ասված է Մշակույթի նախարարի տարածած հայտարարության մեջ։