23/10/2017 11:21
Մեր ծանրորդների տարած հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում և մեկնաբանության կարիք չունեն. Գագիկ Ծառուկյան
Ծանրամարտի Հայաստանի Մ 20 եւ Մ 23 տարեկան տղաների և աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձել են Երևան:
Հավաքականները, ոչ ամբողջական կազմերով մասնակցելով Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, ընդհանուր առմամբ նվաճել են 32 մեդալ, որից 18-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծանրորդներին դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, ծանրորդների հարազատներն ու ընկերները, մարզասերներ:
«Մեր մարզիկների տարած հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում և մեկնաբանության կարիք չունեն: Կատարվող աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է: Առավել ևս, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրները:
Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր ներկայիս 20 և 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ մրցակից չունեն: Նրանք պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին և այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել», - լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը: