23/10/2017 15:09
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում կամերային համերգը նվիրված էր Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 22-ի կամերային համերգը նվիրված էր Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Երեկոյին ներկա էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն։
Համերգը կայացել է Հայաստանում Վրաստանի դեսպանության աջակցությամբ։
Համերգի ընթացքում հանդես եկան դաշնակահար Մամիկոն Նահապետովը և կլարնետահար Դմիտրի Բոքոլիշվիլին՝ հնչեցնելով Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհաննես Բրամսի, Ռոբերտ Շումանի, Արամ Խաչատրյանի, Նոդար Գաբունիայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Նախագծի հեղինակ Հովհաննես Համբարձումյանը նշում է, որ արդեն 4 տարի է՝ իրականացնում է հայ-վրացական համատեղ նախագծեր, և շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ երկու ժողովուրդների բարեկամությանը նվիրված հերթական համերգը հնարավոր եղավ կյանքի կոչել խաչատրյանական փառատոնի շրջանակում։
Համերգի ընթացքում հնչել են նաև Հովհաննես Համբարձումյանի ստեղծագործություններից։ Դրանցից մեկը համաշխարհային պրեմիերա էր, մյուսը՝ հայաստանյան։ Հովհաննեսը կոնսերվատորիան ավարտել է Թբիլիսիում, այնուհետև կրթությունը շարունակել է Մյունխենում։ Նա ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ կամերայինից մինչև սիմֆոնիկ։ Հովհաննես Համբարձումյանը նշում է, որ իր և համերգի մասնակից մյուս երաժիշտների՝ Մամիկոն Նահապետովի և Դմիտրի Բոքոլիշվիլու (ում երկու տատիկներն ի դեպ հայուհիներ են) համար մեծ հպարտություն է մասնակցել Խաչատրյանի փառատոնին։
Դաշնակահար Մամիկոն Նահապետովը հայաստանյան բեմում հանդես է գալիս 13-ամյա ընդմիջումից հետո, և ինչպես ինքն է ասում, իր մոտ շատ հարազատ հուշեր են արթնացել. «2003թ. ես Խաչատրյանի միջազգային մրցույթում արժանացել եմ երրորդ և հանդիսատեսի համակրանքի մրցանակներին։ Ուրախությամբ եմ այսօր ելույթ ունենում երևանյան բեմում։ Իրականում հուզումնալից ու պատասխանատու բեմել է»։
Կլարնետահար Դմիտրի Բոքոլիշվիլին բազմաթիվ մրցույթների դափնեկիր է։ 17 տարեկանում նա դարձել է Թբիլիսիի ազգային օպերայի և բալետի թատրոնի կլարնետահարների կոնցերտմայստեր։ Մենահամերգներով հանդես է եկել բազմաթիվ եվրոպական երաժշտական, այդ թվում՝ կամերային փառատոներում։
Պատահական չէ, որ հայ-վրացական հարաբերություններին նվիրված այս երեկոն անցկացվում էր Խաչատրյանի փառատոնի շրջանակներում։ Արնո Խաչատրյանն ինքը ծնվել է Վրաստանում, և ամբողջ կյանքում նրան ուղեկցել են Թիֆլիսի հետ կապված հիշողությունները։ Խաչատրյանն ասում էր, որ Թիֆլիսը երաժշտության քաղաք է, Թիֆլիսը հնչող քաղաք է. մի բակում հնչում էր հայ ժողովրդական երգը, մյուս բակում՝ վրացական ժողովրդական բազմաձայնությունը։ Թիֆլիսում է Արամ Խաչատրյանը 16 տարեկանում հայտնվում օպերային թատրոնում, որտեղ էլ նա առաջին անգամ առնչվում է մեծ արվեստի հետ, տեսնում է Պալիաշվիլու օպերաներից մեկը. այդ պահից սկսած՝ նրա գիտակցության մեջ մխրճվում է երաժիշտ դառնալու գաղափարը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։