24/10/2017 12:10
Բակո Սահակյանը Վատիկանում ՀՀ դեսպանին ու «Մեգերյան Կարպետ»-ի նախագահին երախտագիտություն է հայտնել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողության համար
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն:
Նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին և «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծելով, որ նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացվում է մեր հանրությանն ու աշխարհին, այլև պահպանվում ու զարգանում է:
Երկրի ղեկավարի խոսքով՝ այս գեղեցիկ գորգերի պատրաստումը քրտնաջան աշխատանք է, որում ներգրավված է մեծ, համախմբված և հայրենասեր թիմ:
Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքը մնայուն է և ծառայելու է մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ՝ որպես ազգային պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս:
Նույն օրը Նախագահը հյուրերի հետ քննարկել է Արցախում գորգագործության զարգացմանը վերաբերող հարցեր և այս գործում կարևորել «Մեգերյան Կարպետ»-ի պես հայտնի ընկերությունների հետ փոխգործակցությունը:
Միջոցառմանը և հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: