24/10/2017 15:53
Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նիստին
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է համալսարանի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ:
Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարը, ՊՆ և Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները:
Հանրապետության նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք համագործակցությանը:
Նիստի սկզբում ՊՆ ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանն իր հակիրճ ողջույնի խոսքում ներկայացրել է հիմնադրումից ի վեր համալսարանի հիմնական ձեռքբերումները, անդրադարձել նաև առաջիկա ծրագրերին: