24/10/2017 17:29
Հայաստանը կարող է ուրույն տեղ զբաղեցնել ռազմարդյունբերական տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկրների շարքում. Սերժ Սարգսյան
Հայկական ռազմարդյունաբերական համալիրը լուրջ քայլեր է կատարում` արդիականանալու և հայկական զինված ուժերը ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ հագեցնելու ուղղությամբ, այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
«Մշակվել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը, որը մի կողմից շատ հավակնոտ է, մյուս կողմից` ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն արթնացնող, հատկապես` երիտասարդների շրջանում: Ակնհայտ է, որ միայն մեր զինված ուժերի համար միջոցներ արտադրելով՝ մեր ռազմարդյունաբերությունը մրցունակ չի լինի: Հետևաբար, իմ կողմից դրված խնդիրն է` լիարժեք օգտագործել մեր մրցակցային առավելությունները` հարուստ ավանդույթները, միջազգային մակարդակով մրցունակ գիտնականների առկայությունը, և դրանց վրա կառուցել ռազմական գիտության և արդյունաբերության վաղվա օրը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Հայաստանը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկրների շարքում»,- ամփոփել է ՀՀ նախագահը: