24/10/2017 09:56
ՖԻՖԱ. Զիդանը, Ռոնալդուն և Բուֆոնը 2017 թվականին լավագույնն են ճանաչվել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ստացել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի մրցանակը: Մրցանակի համար հավակնում էին նաև Անտոնիո Կոնտեն Լոնդոնի «Չելսիից» և Մասիմիլիանո Ալեգրին Թուրինի «Յուվենտուսից»: Լոնդոնում ընթացող արարողության ժամանակ Զիդանին մրցանակը հանձնել է 2016-ի լավագույն մարզիչ Կլաուդիո Ռանիերին: 2017 թվականին ֆրանսիացի մասնագետը «Ռեալի» հետ դարձել էր Իսպանիայի չեմպիոն և հաղթել Չեմպիոնների լիգայում:
2017 թվականի լավագույն խաղացողի մրցանակը բաժին է հասել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին այդ մրցանակին է արժանանում երկրորդ տարին անընդմեջ: Հավակնորդների եռյակում էին նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
ՖԻՖԱ-ի կողմից տարվա լավագույն դարպասապահ մրցանակին արժանացել է Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: 39-ամյա Բուֆոնը առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի Կեյլոր Նավասից և Մյունխենի «Բավարիայի» գերմանացի Մանուել Նոյերից: Մրցանակը հանձնել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը: